Օրենսդրական մեկնաբանություններ
Ներմուծվող ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրից կախված առաջացող իրավիճակները
Հարգելի՛ ներմուծող, անհրաժեշտ է, որ այս մասին իրազեկված լինեք նաև հենց Դուք:
Ներմուծվող ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրից կախված կարող են առաջանալ հետևյալ իրավիճակները.
- Այդ ապրանքի ներմուծումը կարող է հարկվել ակցիզային հարկով, որի հետևանքով շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողը ներմուծման օրվանից կհամարվի ընդհանուր հարկման համակարգում աշխատող (ԱԱՀ վճարող), բացառությամբ շրջանառության հարկ վճարող և հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողների, որոնք շարունակում են համարվել շրջանառության հարկ վճարող անկախ սահմանափակումներից:
- Ներմուծված ապրանքը կարող է հարկվել բնապահպանական հարկով:
- Ներմուծված ապրանքը կարող է ենթակա լինել ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման:
- Ներմուծող-իրացնողների համար հնարավոր է առաջանա հարկային մարմին ներկայացվող Հաշվետվություն ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունը՝ ամսական կամ եռամսյակային պարբերականությամբ:
- Այդ ապրանքի ներմուծումը կարող է ազատված լինել ավելացված արժեքի հարկից:
Վերոնշյալ իրավիճակների առաջացումը կարող եք ստուգել հետևյալ կերպ.
1-ին, 2-րդ և 3-րդ կետերի մասով պետք է ՀՀ հարկային օրենսգրքում փնտրել ներմուծված ապրանքի ԱՏԳ ԱԱ (քառանիշ) ծածկագիրը (համապատասխանաբար՝ հոդված 88, 171, 389, 390):
1-ին կետի մասով ԱՏԳ ԱԱ (քառանիշ) ծածկագիրը ՀՀ հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածում առկա լինելու դեպքում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասի՝ շրջանառության հարկ վճարող կամ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողը պետք է հարկային մարմին ներկայացնի ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն՝ ներմուծման օրով:
Ներմուծված ապրանքն ակցիզային հարկով հարկվող լինելու դեպքում՝ ավելացված արժեքի հարկի հարկման բազայի մեջ պետք է ներառել նաև այդ հարկի գումարը:
Ներմուծված ապրանքն ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա լինելու դեպքում դրոշմավորումն իրականացվում է մինչև այդ ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը:
Ներմուծված ապրանքը դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա լինելու դեպքում դրոշմավորումը կարող է իրականացվել նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելը կամ ներմուծելուց հետո` ներմուծողի ընտրած տարածքում (այդ թվում՝ պահատվության պայմանագրում նշված հասցեում), բայց ոչ ուշ, քան մինչև այդ ապրանքների օտարումը:
4-րդ կետի մասով պետք է ՀՀ կառավարության N 802-Ն «Առանձին ապրանքների, այդ թվում` օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արտադրության, շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմին ներկայացնելու կարգը և այդ ապրանքների ցանկերը սահմանելու մասին» որոշման մեջ փնտրել ներմուծված ապրանքի ԱՏԳ ԱԱ (քառանիշ) ծածկագիրը և առկայության դեպքում՝ պարզել հաշվետվության ներկայացման պարբերականությունը:
5-րդ կետի մասով պետք է ներմուծված ապրանքի ԱՏԳ ԱԱ (երկնիշ) ծածկագիրը փնտրել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում:
Հարկ եմ համարում տեղեկացնել նաև, որ «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում՝ աղյուսակի վերևի պարբերությունում ներառված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով ապրանքների ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից միայն ԱԱՀ վճարողների համար, անկախ ներքևի ցանկում դրանց լինել կամ չլինելու հանգամանքից: Աղյուսակում ներառված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով ապրանքների ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից բոլոր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար, աղյուսակում ԱՏԳ ԱԱ ծածկագրի առկայությունը ստուգելիս պետք է հաշվի առնել, որ առկա են նաև բացառություններ, հնարավոր է Ձեր կողմից փնտրվող ԱՏԳ ԱԱ ծածկագիրը լինի բացառությունների շարքում:
Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի աշխատակից
ՍԻՐԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ
