Ողջույնի խոսք
Հարգելի այցելու.
Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի ՓՄՁ Հաշվապահների Ասոցիացիայի պաշտոնական կայքէջում:
Ասոցիացիան, որդեգրելով «Կրթություն, որակավորում, հսկողություն» կարգախոսը, որպես գործունեության հիմնական առաքելություն, իր առջև նպատակ է դրել ՓՄՁ ոլորտի հաշվապահների մասնագիտական-սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի զարգացմանը: Իր գործունեության շրջանակում Ասոցիացիան, ակտիվորեն համագործակցելով կազմակերպության անդամ հաշվապահների հետ, կազմակերպում և անց է կացնում նրանց վերապատրաստման և ուսուցման դասընթացներ, ապահովում է իրավական ակտերով և մասնագիտական գրականությամբ, իրականացնում է օրենսդրական խորհրդատվություններ:
Ասոցիացիան, հանդիսանալով մի շարք հասարակական խորհուրդների անդամ, համագործակցում է նաև պետական քաղաքականություն և վարչարարություն մշակող մարմինների հետ, որի արդյունքում իրավակիրառ պրակտիկայում հայտնաբերված թերությունների և խնդիրների հիման վրա մշակում, մասնակցում և առաջարկություններ է ներկայացնում հարկային և աշխատանքային օրենսդրության վերաբերյալ խորհուրդների քննարկումներին:
Հաշվի առնելով, որ ՓՄՁ ոլորտը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը, բայց և միաժամանակ քաջ գիտակցելով պետականաշինության գործընթացում պետական եկամուտների հավաքագրման ռազմավարական նշանակությունը, Ասոցիացիան հորդորում է իր գործընկերներին՝ համագործակցել կարգապահ հարկ վճարողների և ազնիվ պետական ծառայողների հետ: